Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության մի քանի տարիների ընթացքում արձանագրված բողոքների մեծ մասի բնույթը և դրանց լուծման արդյունավետության վերաբերյալ հարցը հետաքրքրում էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն էլ նա ուղղեց «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման հյուրին՝ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ տարբեր տարիների վիճակագրության միջինացված տարբերակով լուծում են ստացել հասցեագրված բողոքների 13 տոկոսը. «Իմ կարծիքով, դա ցածր է, չնայած միջազգային պրակտիկայում այդ տոկոսն ավելի ցածր է: Սակայն մեզանում խախտումներն են ավելի շատ: Այլ երկրներում խախտումների քանակը քիչ է, և այդ ցածր տոկոսն արդարացված է, իսկ մեզանում՝ ոչ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նկատեց, որ ամենաշատ բողոքները լինում են ՀՀ դատարաններից, որոնք էլ հենց կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները. «Հաջորդ տեղում են քաղաքապետարանը և ոստիկանությունը»:
Քաղաքացիներից մեկն էլ, հիշեցնելով Անդրեասյանին, թե վերջինս իր ասուլիսներից մեկում նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ծառայություն է, հարցրեց՝ արդյո՞ք ՄԻՊ-ի ծառայությունը ևս այնքան անկատար է լինելու, որքան Հայաստանում տրամադրվող մնացած ծառայությունները:
Ի պատասխան, ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչ-որ մասով դա ծառայություն է, և հավելեց, որ ինքն էլ է մտահոգված, որ այն չլինի վատ՝ մի շարք պետական մարմիններում մատուցվող հանրային ծառայության պես:
Ինչ վերաբերում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Freedom House-ի վերջին գնահատականներին՝ Անդրեասյանը նկատեց, որ ինքը չի ցանկանում որակումներ անել այդ կազմակերպությունների զեկույցներին և դրանց օբյեկտիվությանը, այլ միայն նշեց, որ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը ևս տեղյակ է մարդու իրավունքների խախտման դեպքերին:
ՀՀ օմբուդսմենն ընդգծեց, որ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն իրենք ուսումնասիրում են շատ լրջորեն և լրջորեն էլ վերաբերվում են դրանց. «Խորհուրդ կտայի, որպեսզի այդ փաստաթղթերին նույն լրջությամբ վերաբերվեն նաև պատկան պետական մարմինները, որովհետև նույնիսկ եթե այդ զեկույցներում լինի չափազանցություն կամ կոնկրետ փաստարկվածության պակաս, միևնույն է, դրանց բարձրացման խնդիրները կարևոր են»:










































