«Հանուն Հարավային Ադրբեջանի ինքնավարության» (պատմա-աշխարհագրական մարզ Իրանի հյուսիս-արևմուտքում) շարժման առաջնորդներից մեկը՝ Մահմուդալի Չոհրաքանլին, արտաքսվել է Բաքվի միջազգային օդանավակայանից, հաղորդում է APA-ն:
Ակտիվիստն Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել երեկ երեկոյան Ֆրանկֆուրտից, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել հանրապետության տարածք այցագրի բացակայության պատճառով: Հուլիսի 16-ին Չոհրաքանլին ստիպված է եղել որդու հետ մեկնել հետադարձ չվերթով:
15 տարի առաջ Չոհրաքանլին արտաքսվել է Իրանից, իսկ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Վերջին անգամ նա Բաքու է ժամանել 2006թ., որից հետո նրան արգելել են մուտք գործել երկիր:
Ոչ պաշտոնական այս արգելքը մեկնաբանվել է Թեհրանի կողմից ճնշումով, որտեղ Չոհրաքանլիի գլխավորած շարժումը հռչակվել է անջատողական և ծայրահեղական:
Ադրբեջան չկայացած այցից առաջ նա Turan գործակալությանը հաղորդել է, որ ցանկանում է շփվել իր ժողովրդի հետ և քննարկել տարածաշրջանի նոր մարտահրավերները:
2012թ. Չոհրաքանլիին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա և Ստամբուլի օդանավակայանից վերադարձրել են Վաշինգտոն:









































