«Առաջին լրատվական»-ը նախկինում տեղեկացրել էր, որ բելառուսական Բոբրույսկ քաղաքի տրակտորներ արտադրող գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չի վճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարանի մամլո խոսնակ Վասիլի Վիլենինովիչը նշեց, որ մինչ այսօր Վարդան Կարապետյանը չի վճարել գումարը, և գործն այժմ դատարանում է: Նա նաև ասաց, որ ո՛չ Վ․ Կարապետյանը, ո՛չ էլ նրա փաստաբանն իրենց հետ կապ չեն հաստատել, սակայն գործի մասին, բնականաբար, տեղյակ են:
Նրա խոսքերով՝ առայժմ որևէ այլ նորություն չկա, և գործարանն էլ իր որոշումից ոչ մի դեպքում ետ չի կանգնի:
Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը գործարանին առաջարկել էր իր «Վ. Կարապետյան և ընկերներ» ընկերությանը մատակարարել «Բելառուս-311» մակնիշի 9 տրակտորներ` 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Բելառուսական գործարանը, «Հայաստանի կառավարության անդամների հանդեպ մեծ վստահությունից ելնելով», մայիսին պայմանագիր էր կնքել, և հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել էր Հայաստան` պայմանով, որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Վարդան Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե որոնք են լինելու նրա հետագա քայլերը, սակայն վերջինիս հեռախոսահամարն արգելափակված էր:
Լուսանկարը՝ Հետքի











































