Չինացի հանդիսատեսը, ով Պեկինում դիտելու էր եկել Մայքլ Ջեքսոնին նվիրված Cirque du Soleil-ի շոուն, ցնցվել է հսկա էկրանին հայտնված Տյանանմեն հրապարակի լուսանկարով, որում երևացել է տանկերի շարք և միայնակ ցուցարար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Պատկերն էկրանի վրա հայտնվել է շոուի առաջին ներկայացման ժամանակ՝ ընդամենը մի քանի վայրկյան: Լուսանկարը Չինաստանում արգելված է այնպես, ինչպես այդ իրադարձության մասին ցանկացած հիշատակում: 1989 թվականի հունիսին ցույցի դաժան ճնշման ժամանակ տանկերը մտել էին Տյանանմեն հրապարակ:
Պատկերը հայտնվել է They Don’t Care About Us («Նրանք հոգ չեն տանում մեր մասին») ստեղծագործության կատարման ժամանակ:
Թերթը նշում է, որ շոուն ստուգվել էր չինական իշխանությունների կողմից ու ցուցադրության թույլատրվել:
Հիշեցնենք, որ այս ամառ՝ ողբերգական իրադարձությունների նախաշեմին, չինական իշխանություններն ուժեղացրել էին գրաքննությունը համացանցում:










































