Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի է ունեցել համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համերգի սկզբին կազմակերպվել է ընդունելություն, որին ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:
Նա, մասնավորապես նշել է, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների մերձեցման ամենակարևոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարևորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրև հայ և լիտվացի ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, և փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացվել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:
Միևնույն ժամանակ դեսպանն առանձնացրել է 2013 թվականի կարևորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի և Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաև հսկայական պատասխանատվություն:
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության նոր փուլ:
Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում են եղել Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգին հնչել են հայկական, լիտվական և եվրոպական կատարումներ:










































