ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով մասնագետները կարող են Դամասկոս ժամանել արդեն ուրբաթ օրը, փոխանցում է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով կազմակերպության ներկայացուցչին:
Ավելի վաղ հինգշաբթի օրը Սիրիայի կառավարությունը համաձայնել էր քիմիական զենքի միջազգային ստուգումներ անցկացնելու պայմաններին: ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձագիտական խումբը Սիրիա կայցելի 14-օրյա ժամկետով, որը կարող է երկարացվել կողմերի փոխհամաձայնության հիման վրա:
Սիրիայի կառավարությունը մարտի 19-ին Խան-ալ-Ասալում զարին կիրառելու հետաքննության համար շվեդ պրոֆեսոր Օկե Սելստորի գլխավորությամբ փորձագետների խումբ է հրավիրել: Սակայն ՄԱԿ-ի ղեկավարությունը պահանջել է այլ վայրեր այցելելու թույլտվություն ևս, որտեղ, Սիրիայի ընդդիմության տվյալներով, երկրի իշխանությունները քիմիական զենք են կիրառել: Երկար բանակցություններից հետո Սիրիայի կառավարությունը համաձայնել է երեք վայրերում ստուգումներ անցկացնել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՄԱԿ-ի տեսուչները պետք է հաստատեն քիմիական զենքի կիրառման փաստը, այլ ոչ թե այն կիրառող կողմերը:







































