Հայաստանում տեղական ավիափոխադրող երեք ընկերությունների ընտրության մրցույթը պետք է մեկնարկեր հունիսի 2-րդ կեսին: Արդեն օգոստոս ամիսն է, իսկ մրցույթի մեկնարկի կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ: Ըստ Կառավարության ն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մրցույթը հետաձգելու պատճառը ամերիկյան McKinsey & Company ընկերությունն է, որը ցանկություն է հայտնել խորհրդատվական աջակցություն տրամադրել: Ըստ վարչության այժմ փորձագետները Հայաստանում են և իրականացնում են ուսումնասիրություններ, որոնք կտևեն մոտ 2 ամիս` մինչ սեպտեմբերի վերջ: Դրանից հետո նոր կարող է անցկացվել մրցույթը:
Կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլային տարբերակով օդային փոխադրումների ազատականացման ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ: Ընկերությունները պետք է ընտրվեն մրցութային տարբերակով:
Մինչև այդ «Արմավիա»-ն հայտարարել էր չվերթները դադարեցնելու և ապրիլի 1-ից սնանկացման գործընթաց սկսելու մասին: Սակայն ավելի ուշ ավիաընկերությունը կանգնեցրել է սնանկացման գործընթացը և սկսել վճարել պարտքերը, այնպես որ չի բացառվում, որ այս ավիաընկերությունը նույնպես մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնի:










































