Պատգամավորներ Վարդան Խաչատրյանը և Հովհաննես Սահակյանը այսօր ընթացող ներքաղաքական գործընթացները բնական են համարում` նկատի ունենալով հատկապես այն, որ տարին կարելի է համարել նախընտրական:
Անդրադառնալով ՀԱԿ-ի և իշխանությունների միջև ընթացող գործընթացներին, երրորդ ուժի վերաբերյալ խոսակցություններին՝ բանախոսներից անկուսակցական Վարդան Խաչատրյանը նշեց. «Եվ այս տեսակետից քննարկման դաշտ կարող է իջնել կամայական պրոբլեմ»:
Նրա կարծիքով, մենք հիմա ապրում ենք խառնակ ժամանակաշրջանում, որն առաջացել է գործող էլիտայի հանդեպ անվստահության հետևանքով, փոխադարձ խաբեությունների, խոսքին տեր չկանգնելու և «քցելու» տևական գործընթացի հետևանքով:
Մինչդեռ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, խառնակ ժամանակներ այն ընդդիմադիրների մոտ է, որոնք այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, չափազանց դյուրագրգիռ են դարձել ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից և կյանքի ու գործունեության միակ նպատակ են համարում իշխանափոխությունը:
«Եթե լինի առողջ երկխոսություն, համագործակցություն, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Եթե ընդդիմությունը որևէ կառուցողական առաջարկ է անում, իշխանությունը արձագանքում է, նաև ինչ-որ լուծումներ է տալիս, ի՞նչ վատ, արտառոց բան կա այդտեղ»,- հարցնում է Հովհաննես Սահակյանը:
Նրանից փորձեցինք ճշտել, թե ինչու այդ նույն ՀՀԿ-ն կամ իշխանության մյուս ներկայացուցիչները ՀԱԿ-ի նույն պահանջները այս երեք տարիների ընթացքում համարում էին հակասահմանադրական, հակաօրինական, իշխանափոխությանը ուղղված քայլեր, այսօր համարում են կառուցողական` քաղբանտարկյալների ազատումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արտոնումը, Մարտի 1-ի բացահայտումը.
«Ո՞վ ա ասել, մե՞նք ենք ասել՝ դրանք անօրինական են»,- պատասխանեց Սահակյանը և հավելեց, թե իրենք ասել են, որ դրանք իրավական գործընթացներն են, և օրենքով պիտի որոշվի ամեն ինչ:
Ինչ վերաբերում է հանրահավաքների արտոնումներին՝ բանախոսը նշեց. «Դե, էն ժամանակ չէր արտոնում քաղաքապետարանը, հիմա արտոնում է, մենք ի՞նչ կապ ունենք»:






































