Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրների» 8 ղեկավարի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Ձերբակալվածների թվում է «Ազատություն և արդարություն» կուսակցության փոխնախագահ Իսամ Արյանը:
«Մուսուլման եղբայրների» ղեկավարության բոլոր 8 անդամները թաքնվել էին Կահիրեի Ռաբիա Ալ-Ադավիա հրապարակին մոտ գտնվող շենքում:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Եգիպտոսի ոստիկանությունը հրապարակն ազատել էր տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներից:
Եգիպտոսում իսլամիստների կողմնակիցների ու ուժայինների միջև բախումների հետևանքով զոհվել է 43 ոստիկան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարին:
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 149 մարդ, տուժել 1403-ը:
Վաշինգտոնը Կահիրեին կոչ է արել հանել արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնել է պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ Եգիպտոսում սահմանվել էր արտակարգ դրության ռեժիմ և ավելի քան 10 նահանգներում՝ պարետային ժամ:
Ջոն Քերին ասել է, որ բանակցություններ է անցկացրել Եգիպտոսի վարչապետի հետ: Պետքարտուղարի կարծիքով՝ արտակարգ դրության հետ կապված հարցը բաց է մնում, չնայած դրա լուծումը բարդացել է բռնության աճող մակարդակով:
ԱՄՆ պետքարոտւղարը հեռախոսային բանակցություններ է ունեցել Եգիպտոսի փոխնախագահի պաշտոնը լքած Մուհամմադ Ալ-Բարադեյի հետ:
Նշվում է, որ Քերին Ալ-Բարադեյին չի խնդրել փոխել հրաժարականի մասին որոշումը: Պետքարտուղարը Եգիպտոսի փոխնախագահին հայտնել է իր մտավախությունները՝ կապված Եգիպտոսում ստեղծած իրավիճակի հետ:











































