Ճապոնիայի երկու ավիափոխադրողների՝ Japan Airlines-ի և All Nippon Airways-ի ուղևորատար Boeing-787 Dreamliner ինքնաթիռների շարժիչների հրդեհային անվտանգության համակարգերում անսարքություններ են հայտնաբերվել, հայտնում է Reuters գործակալությունը:
Ի հայտ եկած անսարքությունների պատճառով All Nippon Airways ավիաընկերության օդանավի թռիչքը Տոկիոյից Մայնի Ֆրանկֆուրտ հետաձգվել է 1 ժամ 40 րոպեով: Ավիապարկում անցկացված ստուգումների ժամանակ ճապոնական ավիաընկերության մասնագետները նմանատիպ անսարքություններ հայտնաբերել են ևս երկու օդանավերում:
Japan Airlines ավիաընկերությունը նույն թերությունների պատճառով ստիպված է եղել մայրաքաղաքի օդանավակայան վերադարձնել Boeing-787 Dreamliner-ը: Ավիափոխադրողի ներկայացուցչի խոսքով՝ ի հայտ եկած անսարքությունները կապված են մարտկոցների խնդիրների հետ, որոնք այս տարվա հունվարին դարձել էին Boeing-787 Dreamliner-ների շահագործման դադարեցման պատճառ: Խնդրի լուծման համար Japan Airlines-ն արդեն կապվել է ամերիկյան Boeing կորպորացիայի հետ:








































