Ադրբեջանական 1News.az կայքի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլի հետ և քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը:
Հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է. «Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից ստեղծված Լիբիայի ազգային անցումային խորհուրդը լիբիական ժողովրդի օրինական, բայց ոչ միակ ներկայացուցիչն է և վայելում է լիբիական ժողովրդի վստահությունը:
Քադաֆին պետք է հեռանա, իսկ Լիբիայում Արևմուտքի երկրների իրականացրած ռազմական միջամտությունը խաչակրաց արշավանք չէ: Այդ գործողության գլխավոր նպատակը քաղաքացիական անձանց պաշտպանությունն է: Անհրաժեշտ է քաղաքական որոշում գտնել արյունահեղության դադարեցման համար: Սակայն դա կախված է նրանից, թե երբ կհեռանա Քադաֆին»:
Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն աշխարհի դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես «բոլորի հետ լեզու գտնել կարողացող մարդ»:






































