Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է Բակուր Ավետիկյանի գործի դատավարությունը:
Ավետիկյանն աշխատել է ոստիկանության Շենգավիթի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Բակուր Ավետիկյանը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել ու ստացել է կաշառք, ապա նորից է պահանջել կաշառք, որից հետո դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված գործողություններ, որոնք էական վնաս են պատճառել անձի ու պետության շահերին:
Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածով և 311 հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննական մարմինը հաստատված է գնահատել, որ 2013 թվականի մայիսի 16-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում ավագ տեսուչ, 39-ամյա Բակուր Ավետիկյանն անցել է Շիրակի փողոցով և նկատել, որ տներից մեկի սեփականատերը ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Ոստիկանը հետաքրքրվել ու անմիջապես պարզել է, որ շինարարական աշխատանքները կատարվում են առանց թույլտվության:
Վարչական իրավախախտման փաստը չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար ավագ տեսուչը տանտիրոջից պահանջել է մեր իրականության մեջ տարածում ունեցող կաշառք՝ հյուրասիրության ձևով: Նույն օրը նրա համար կազմակերպվել է հյուրասիրություն՝ 30 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Այսինքն, Ավետիկյանը ստացել է իր պահանջած կաշառատեսակը:
Սակայն նա դրանով չի բավարարվել: Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում արդեն իր աշխատասենյակում նա քաղաքացուց պահանջել է դրամական տեսքով կաշառք՝ 100 հազար դրամի չափով:
Քաղաքացին արդեն ընդդիմացել է, սկսել է վիճաբանել ավագ տեսուչի հետ: Վիճաբանությունը բաժանմունքի միջանցքում վերածվել է քաշքշուկի և փոխադարձ հայհոյանքների, որի ընթացքում ոստիկանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ՝ ձեռնաշղթաներով կապել է նրա ձեռքերը, իսկ իր «ազատ» ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել շղթայված մարդու մարմնի տարբեր մասերին: Կամայականության ցնցող պատկեր:
Կատարվածի արդյունքում քաղաքացին ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ոտնահարվել են նրա իրավունքներն ու ազատությունները:
Ըստ մեղադրանքի՝ Բակուր Ավետիկյանը հեղինակազրկել է ՀՀ ոստիկանությունը, նրա ծառայողների բարի համբավը, էական վնաս է հասցրել քաղաքացու և պետության օրինական շահերին:
Իր աշխատասենյակի փոխարեն Բակուր Ավետիկյանը ներկայումս ստիպված է գտնվել ՔԿՀ-ի կալանավայրային պայմաններում:










































