Այսօր կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոն նշում է ծննդյան 86-ամյակը: Լեգենդար կոմանդանտեի կյանքն ընթացել է հետաքրքիր իրադարձություններով: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Պատմաբանները մինչ օրս վստահ չեն՝ Կաստրոն իսկապե՞ս ծնվել է 1936 թվականի օգոստոսի 13-ին: Ոմանք վստահ են, որ իրականում նա ծնվել է ապրիլի 13-ին, կան տվյալներ նաև այն մասին, որ դա 1927 թվականն էր:
Ֆիդել Ալեխանդրո Կաստրոն ծնվել է շաքարեղեգի պլանտացիայի սեփականատիրոջ հարուստ ընտանիքում: 13 տարեկանում նա մասնակցել է իր առաջին ապստամբությանը, ընդ որում՝ աշխատողների պայքարը ծավալվել է հենց հոր պլանտացիայում:
Նա Հավանայի համալսարանում իրավագիտական կրթություն է ստացել: Կաստրոն առանց գրքի ոչ մի շրջագայության չի ուղևորվել, յուրաքանչյուր ազատ րոպեն նվիրել է ընթերցանությանը:
1986 թվականին Հավանայում կոմունիստական կուսակցության համագումարի ժամանակ Կաստրոն հանդես է եկել 27 ժամ տևած ելույթով, որը տևողությամբ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Կաստրոն, որն իշխանության ղեկին է եղել ավելի քան 50 տարի, կառավարման տևողությամբ երրորդն է աշխարհում՝ Մեծ Բրիտանիայի թագուհուց և Թաիլանդի թագավորից հետո:








































