Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կկատարի Թուրքմենստան՝ գրում է Hürriyet-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, այցը նախատեսված է օգոստոսի 15-ին և կտևի մեկ օր: Այցի ընթացքում Էրդողանը մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Սպասվում է նաև,որ Էրդողանը կայցելի Թուրքմենբաշի քաղաքին մոտ գտնվող ազգային զբոսաշրջության «Ավազա» գոտի:
Թուրքիան Թուրքմենստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունում իր դիրքով 4-րդ տեղում է: Երկու պետությունների միջև առևտրաշրջանառությունը 2012-ին կազմել է մոտ 3.5 մլրդ դոլար:
2013-ին նկատելի է դարձել Թուրքմենստանի արտաքին առևտրում Թուրքիայի մասնաբաժնի ավելացման դրական դինամիկա, ըստ այդմ՝ մեծանում է արտահանման, նվազում՝ ներկրման ծավալը:
Թուրքմենստանում թուրքական ընկերություններն իրականացնում են մի շարք նախագծեր, այդ թվում՝ ճանապարհների, կամուրջների, առողջարանային գոտիների, համալսարանների ու գործարանների շինարարության ոլորտում:









































