2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ Վրաստանի բարեկամների խումբն առաջին անգամ հայտարարություն է արել հակամարտության թեմայով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը՝ փոխանցում է Gruziya Online-ը։
Բարեկամ երկրները լիարժեք աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը։ Նրանք աջակցությու են հայտնել ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ լուծմանը։
Հայտարարությունում ընդգծվում է օկուպացված տարածքներում բարդ մարդասիրական իրավիճակը, հատկապես առանձնացվել է էթնիկ վրացիների նկատմամբ խտրականությունը։ Դատապարտվում են ազատ տեղաշարժի, ունեցվածքի իրավունքի, ինչպես նաև հարազատ լեզվով ուսման իրավունքի խախտումները։
Հայտարարությունում նաև նշվում է ժնևյան միջազգային քննարկումների գլխավոր թեմաներով առաջընթացի անհրաժեշտությունը, խոսքը մասնավորապես ուժի չկիրառման, անվտանգության միջազգային մեխանիզմների ձևավորման և փախստականների անվտանգ վերադարձման մասին է։
Վրաստանի բարեկամ երկրները նաև կոչ են անում Ռուսաստանին հետ կանչել Վրաստանի օկուպացված տարածքների անկախության ճանաչումը և կատարել ստանձնած պարտավորությունները։








































