Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որը հաղթել է հուլիսի 31-ին, իր մրցակիցներին խորհուրդ է տվել «գնալ ու կախվել»: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նա նման հայտարարություն է արել՝ 1970-ականներին երկրի անկախության համար պայքարում զոհվածների հիշատակին նվիրված հանրահավաքում ելույթ ունենալիս:
«Ովքեր նեղված են իմ հաղթանակից, կարող են ինքնասպան լինել: Եթե նրանք մահանան, ապա անգամ շները չեն ուտի նրանց միսը»,- Մուգաբեի խոսքերը մեջբերում է BBC News-ը:
Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր նախագահական ընտրություններում հաղթանակից հետո:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ խոսելով իր մրցակիցների մասին, Մուգաբեն նկատի է ունեցել առաջին հերթին իր մերձավոր հակառակորդին նախագահական ընտրություններում՝ երկրի վարչապետ Մորգան Տսվանգիրային:
Հուլիսի 31-ին կայացած ընտրություններում 89-ամյա Մուգաբեն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ձայների 61 տոկոսը՝ նախագահ դառնալով 8-րդ անգամ:












































