ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ աշխատակազմից:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարունակի ձևավորված լավագույն ավանդույթները և կանի առավելագույնը Հայաստանի ու Վրաստանի միջև կապերի առավել խորացման ու ամրապնդման համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ երկու բարեկամ երկրների միջև և՛ միջպետական, և՛ միջխորհրդարանական հարթությունում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այս հարցում առանձնակի կարևորել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը և հույս հայտնել, որ առաջիկայում Վրաստանի նորընտիր խորհրդարանում կձևավորվի Վրաստան-Հայաստան բարեկամական խումբ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է մեր երկրի իշխանությունների՝ «Լինել կամուրջ իրար համար» համագործակցության բանաձևի մասին և հավելել. «Հայաստանը կարող է կամուրջ լինել Վրաստանի համար դեպի ԵԱՏՄ, իսկ Վրաստանը Հայաստանի համար՝ եվրոպական տարածաշրջան»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը, համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությանը, գործարար շրջանակների միջև համատեղ ծրագրերի իրականացմանը, տարածաշրջանային խնդիրներին և այլ հարցերի:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների միջև համագործակցված աշխատանքը:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջև կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:









































