Նյու Յորքում 18 միլիոն դոլար արժողությամբ փենթհաուզ է վաճառվում:
Քաղաքի ամենաթանկարժեք և ամենաանսովոր բնակարաններից մեկը գտնվում է ժամացույցով աշտարակի մեջ: Անցած դարի սկզբին այն լցված էր պահեստներով և արտադրական շինություններով, իսկ ահա 60-ականներին այստեղ սկսեց բնակվել ամերիկյան բոհեմը. նկարիչներն այստեղ ոչ մեծ գումարներով ընդարձակ տարածքներ էին վարձում:
Գետի ափին գտնվող մոնոլիտ այս շինությունը սկսել են վերանորոգել 80-ականներին, այնուհետև շենքը վարձով տրվել է գրասենյակներին, իսկ անցած դարի վերջին այն էլիտար բնակելի համալիրի է վերածվել:
2009 թ. ավարտվեցին այս փենթհաուզի վերանորոգման աշխատանքները, և այն 25 միլիոն դոլարով վաճառքի հանվեց: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում ոչ ոք չի ցանկանում գնել այն: Այդ պատճառով էլ գինը նվազել է մինչև 18 միլիոն դոլար: Ինչևէ, այն դեռևս Բրուքլինի ամենաթանկարժեք բնակարանն է համարվում:
Չորս կողմերի պատուհաններից գեղատեսիլ պատկերներ են բացվում, բնակարանի կենտրոնում թափանցիկ ապակուց վերելակ է տեղադրված: Բնակարանում երեք լոգարան, երեք ննջարան և տանիքին՝ դիտապատշգամբ կա: Առաստաղների բարձրությունը 15 մետրի է հասնում: Բնակարանը շատ լուսավոր է, չորս կողմից հսկայական պատուհանները թույլ են տալիս արևի լույսին շուրջ օրը տուն ներթափանցել, սակայն ամենահիանալին այս բնակարանում դեպի Բրուքլին և Մանհեթեն բացվող տեսարաններն են:








































