Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան սկսում է նոր նախագիծ՝ կալանավորների հետ դասընթացներ անցկացնելու նպատակով։ Կազմակերպիչները համոզված են, որ նման ծրագրի անցկացումն անհրաժեշտություն է, քանզի հանցագործությունների թիվը գնալով ավելանում է։
«2008 թ. հետ համեմատ կանանց և անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կրկնապատկվել է։ Մենք կարծում ենք, որ այս միտումը վերացնելու համար անհրաժեշտ է մարդկանց շրջանում բարձրացնել իրազեկությունը»,- ասում է ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառուզյանը։
Մառուզյանի խոսքով, օրենքի համաձայն՝ կալանավոր հանցագործներին պետք է վերադաստիարակել և վերականգնողական դասընթացներ անցկացնել նրանց հետ, սակայն այդ օրենքի իրագործման համար մեխանիզմներ չկան։
«Շեղվող վարքի կանխարգելման, դատապարտյալների սոցիալականացման մասնագիտական և հասարակական աջակցության նախագծի շրջանակներում անցկացվելու են իրազեկման դասընթացներ դպրոցներում, այլ կրթական համալիրներում և վերջապես ՔԿՀ-ներում։
Նախկին կալանավորների` հասարակությանը վերաինտեգրվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զերծ մնան նրանց պիտակավորելուց։»
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին աջակցում են 26 ՀԿ-ներ։ Ծրագիրն արժանացել է նաև Արդարադատության նախարարության հավանությանը։











































