2012 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը ավելացնելու առաջարկով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի օտարերկրյա գործողությունների ենթահանձնաժողովին են դիմել ամերիկացի մոտ 30 կոնգրեսականներ։ Օրենսդիրները նաև կոչ են անում ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք զարգացման օժանդակությունը: Կոնգրեսականների՝ Կոնգրեսին ուղղված նամակում նշված է, որ Հայաստանին տրամադրվելիք օգնությունը պետք է լինի 60 միլիոն, իսկ Լեռնային Ղարաբաղի համար՝ 10 միլիոն դոլար։
Կոնգրեսմենները կոչ են անում նաև հավասարակշռել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից իրականացվող բանակցություններին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է ռազմական օժանդակության և ուսուցման ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացնել 3 միլիոն 450 հազար դոլար՝ մոտ կես միլիոնով պակաս, քան Ադրբեջանին տրամադրվելիք գումարը։