ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Կանադայում հանդիպում է ունեցել կանադական MDA ընկերության տնօրինու¬թյան հետ։
MDA -ն աշխարհում արբանյակների կառուցման ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացրած ծրագրերի առումով, տիեզերական ռոբոտաշինության և արբանյակաշինության ծավալներով համարվում է ոլորտի առավել փորձառու ընկերություններից մեկը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «MDA»-ի նախագահ Մագ Իսկանդերի միջև մինչ այդ տեղի էին ունեցել մի քանի հանդիպումներ Լոնդոնում և Երևանում , որի ընթացքում ձեռք էին բերվել համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ։
Կանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար ուղեծրային դիրքում դրա տեղադրման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը ներկայացրել է ծրագրի իրականացման ներկայիս փուլը: Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միություն (ՀՄՄ)։ Բացի այդ, ՀՀ արբանյակային ծրագրերին հնարավոր մասնակցություն ցուցաբերելու նպատակով մի շարք միջազգային արբանյակային կազմակերպությունների հետբանակցություններ սկսելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել:
«MDA» ընկերության նախագահ Մագ Իսկանդերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրել է, որ մանրամասն ծանոթացել է Հայաստանի կողմից Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրո ներկայացված փաստաթղթերին, և ընկերությունն իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի տիզերական ծրագրում անմիջական մասնակցություն ցուցաբերելու հարցում:
Այցի շրջանակներում Գ. Բեգլարյանը հանդիպում է ունեցել նաև Կանադայի պետական տիեզերականգործակալության նախագահ Ժիլե Լեկլերկի և Կանադայի արտահանման զարգացման գործակալության ռազմավարական գծով տնօրեն Ջոն Միլլերի հետ:
Նախարարին ներկայացվել են գործակալության հիմնական գործառույթները:
Նշվել է, որ գործակալությունն իրականացնում է գիտական և նորարարական ուսումնասիրություններ, ծրագրերի և տիեզերական բնագավառի ռազմավարության մշակում, ինչպես նաև հանդիսանում է պետության կողմից հաստատված տիեզերականծրագրերի պատվիրատու:
Հանդիպման ընթացում Կանադայի արտահանման զարգացման գործակալության (EDC) տնօրինության հետ, քննարկվեցին Հայաստանի տիեզերական ծրագրի նախագծի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները:








































