Սիրիայի ընդդիմադիր ուժերը մոտ ժամանակներս կանցնեն «ազգային բանակի» ձևավորման աշխատանքներին, որում կընդգրկվեն կամավորներ: Այս մասին հայտնել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ալ-Ջարբան՝ փոխանցում է եգիպտական ՄԵՆԱ գործակալությունը:
«Ազգային կոալիցիան Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի հետ մշակում է ազգային բանակի ձևավորման ռազմավարություն, որում կամավորների ընդգրկումը կիրականացվի երկրի հյուսիսում և հարավում»,- ասել է Ալ-Ջարբան:
Նա բացատրել է, որ նման բանակը սիրիացի ապստամբներին թույլ կտա ազատվել դաշտային հրամանատարներից և մի շարք այլ խնդիրներից:
Ազգային կոալիցիայի ղեկավարի խոսքով՝ առաջին փուլում ընդդիմության բանակի թվաքանակը կկազմի մոտ 6000 մարդ:









































