Կոլումբիայում կոկայի բույսի զբաղեցնող տարածքներն անցած տարի կրճատվել են 25 տոկոսով, և այժմ, ամենայն հավանականությամբ, կոկաինի արտադրության համաշխարհային «առաջատարի» տեղը կզբաղեցնի մեկ այլ հարավամերիկյան երկիր՝ Պերուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության (UNODC) զեկույցին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Կոլումբիայում կոկայի բույսի զբաղեցնող տարածքները 2011 թվականի 64 հազար հեկտարի փոխարեն 2012-ին դարձել են 48 հազար հեկտար: Դա կոկայի ցանքատարածությունների ամենամեծ նվազեցումն է 2001 թվականից ի վեր (UNODC-ի ուսումնասիրությունները սկսվել են այդ ժամանակվանից):

Պերուում կոկայի մշակման ծավալների մասին ՄԱԿ-ի պաշտոնական տվյալները կլինեն հաջորդ ամիս: 2011-ին այդ երկրում կոկայի ցանքատարածությունները կազմել են 62.5 հազար հա: Իշխանությունները հայտարարել են, որ 2012-ին ոչնչացրել են 14 հազար հա:









































