Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօր Ազատության հրապարակում իր մարտական ընկերների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց հավաքվելու գլխավոր նպատակը վաղվա բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է. «Մենք կառուցում ենք նոր Հայաստան և այդ ճանապարհն անցնելու ենք հաստատուն քայլելով, առանց որևէ մեկին հայհոյելու կամ սպառնալու»:
Նա ներկայացրեց իրենց ծրագիրը՝ նշելով, որ հայրենիքը նման է գործարանի, որն ունի տարբեր պետեր, բայց չունի մեկ ընդհանուր պետ, որը կկարողանա կառավարել գործարանը: Ըստ նրա՝ նույն վիճակն է նաև Հայաստանում, որովհետև երկիրը չունի մեկ ընդհանուր պետ. «Ես նորից կոչ եմ անում տեր կանգնել մեր երկրին»:
Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ երեք հիմնական բաղադրիչ է առանձնացրել. առաջինն ազատամարտիկներն են, ովքեր ժողովրդին պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, երկրորդը մտավորականությունն է և տարբեր ոլորտների մասնագետները, իսկ երրորդը երիտասարդությունն է. «Մենք համոզվեցինք՝ երիտասարդությունը կարող է բարոյական ճնշում գործադրել իշխանությունների վրա… Երիտասարդությունը եթե ձգտում է, կարողանում է հաղթել և եթե նրանից չվախենային, չէին գցի պառակտիչներ»:







































