Թուրքիան դանդաղ, բայց հաստատուն կերպով սեկուլյարիզմի ուղուց շեղվում է դեպի իսլամական պահպանողականություն, Hemanite-ին տրված հարցազրույցի ժամանակ ասել է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի վտարանդի խմբագիր Ջան Դյունդարը։
Նրա խոսքով՝ Թուրքիայում իսլամիստների հիմնական թիրախը վերջին ժամանակներս կանայք են։ Տարբեր թերթեր բացահայտ սովորեցնում են, ինչպես պետք է կինը պահի իրեն, ինչ կարող է հագնել, ինչպիսին պետք է լինեն նրա մազերը, ինչ կարող է ուտել և խմել։ Դյունդարի կարծիքով՝ Թուրքիայում կանանց իրավունքները պաշտպանության կարիք ունեն։
«Քեմալականներն այսօր միավորում են իրենց ուժերը, նրանք անպայման կկազմավորեն դիմադրության միասնական դեմոկրատական ճակատ։ Քրդերը, թուրքերը, ալավիները կմիավորվեն՝ Թուրքիայում ժողովրդավարությունը պահպանելու համար, նրանց կաջակցեն մտավորականները և զանգվածային լրատվամիջոցները»,-հավատացած է Դյունդարը։
Նրա կարծիքով՝ այժմ շատ կարևոր է, որպեսզի Եվրոպան չդադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, հակառակ դեպքում թուրք ժողովուրդը կզրկվի կրոնական պահպանողականությունը զսպող գործոնից։
«Էրդողանն արդեն կենտրոնացել է այլ խոշոր գերտերությունների վրա, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը։ Եվ բանակցությունների դադարեցումը կլինի պատիժ ոչ թե Էրդողանի, այլ թուրք ժողովրդի համար։ Չնայած սկզբունքորեն, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար միևնույն է՝ ինչ իշխանություն կլինի Թուրքիայում՝ ավտորիտար թե նույնիսկ տոտալիտար, կարևորը այն կայունություն ապահովի երկրում»,-եզրափակել է Դյունդարը։









































