Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Իրանի քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահիի գործի դատական քննությունը:
33-ամյա Դոլաթխահին մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով այն բանի համար, որ 2012 թվականի հուլիսի 31-ին, գիշերվա ժամը 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում վիճաբանել է Ժաննա Զաքարյանի հետ, ծեծի է ենթարկել նրան, ապա կծել նրա ձեռքը և առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս՝ աջ դաստակի հինգերորդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քրեծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի արյունազեղման ձևով:
Տուժող Ժաննան դատական քննության ժամանակ հայտնել է, որ զբաղվում է զբոսաշրջիկներին վարձակալությամբ բնակարաններ տրամադրելով և հաճախ է լինում Հանրապետության հրապարակում:
2012 թվականի հուլիսի 31-ին Հանրապետության հրապարակում սպասել է հյուրերին: Այդ ժամանակ Դոլաթխահին կոպիտ արտահայտություններ է արել իր ու իր հետ կանգնած երկու երիտասարդների հասցեին: Բնավ ոչ պարսկերեն ասել է. «Դավայ էղեք ստեղից»:
Ըստ Ժաննայի՝ այս արտահայտությունից իրենք ապշել են, որովհետև ոչ մի առնչություն չեն ունեցել այդ իրանցու հետ, նրան չեն ճանաչել: Ինքը վրդովվել է. «Չհասկացա, դո՞ւ պիտի ինձ արգելես կամ հրամայես, թե որտեղ կանգնեմ կամ կանգնեմ, թե չկանգնեմ»:
Դոլաթխահին, ըստ տուժողի, բարձրաձայն հայհոյել է, ապա մեր հանրապետության կենտրոնական հրապարակում հակահայկական արտահայտություններ է արել:
Ժաննան, իր ասելով, իրանցու հանդգնությունից ուղղակի ցնցումների մեջ է ընկել, որովհետև ինքն ազատամարտիկ է, և մարտական ոգով էլ ասել է, թե դու ո՞վ ես, որ իմ երկրում այդպես արտահայտվես իմ ժողովրդի հասցեին: Ապա, ըստ Ժաննայի, Դոլաթխահին հարձակվել է իր վրա, ցանկացել է հարվածել իր գլխին, ինքը ձեռքերով պաշտպանվել է, նրա հարվածներից իր ձեռքերն այտուցվել են: Կողքի երիտասարդները միջամտել են, իրանցուն հեռացրել: Դոլաթխահին նաև կծել է իր երկու ձեռքերը, որից վարակ է անցել: Ինքը հասկացել է, որ Դոլաթխահիի ագրեսիվությունն ուղղված է ամբողջ ժողովրդի դեմ: Դեպքից հետո ինքը բուժվել է հոգեբանի մոտ, ում վճարել է 500 դոլար: Այդ գումարը Ժաննան պահանջել է իրանցուց՝ որպես պատճառված նյութական վնասի հատուցում: Սակայն պահանջը հիմնավորող փաստաթուղթ դատարան չի ներկայացրել, և քաղհայցի պահանջը դատարանը մերժել է: Մերժվել է նաև տուժողի ներկայացրած 20 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջը՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Աբոլֆազլ Դոլաթխահին իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը հրապարակում է եղել իր հյուրերին դիմավորելու համար: Տեսել է, որ Ժաննան ու երկու երիտասարդ զրուցում են իր հյուրերի հետ: Մոտեցել է նրանց ու հյուրերին առաջարկել է մեքենա նստել:
Ժաննան ասել է՝ դու ո՞վ ես, ի՞նչ իրավունքով ես բրոքերություն անում: Ինքը պատասխանել է, որ դրանք իր հյուրերն են, նրանց տուն է ուղեկցելու: Ժաննան էլ աղմկել է, թե չի թողնի, որ ինքն այնտեղ աշխատի: Ինքը հյուրերին նստեցրել է տաքսի, իսկ Ժաննան բռնել է մեքենայի դռնից: Ինքը երիտասարդներից մեկի ձեռքին անգամ դանակ է նկատել: Փորձել է արագ հեռանալ, բայց Ժաննան ձեռքով կախվել է մեքենայի դռնից, մյուս ձեռքով ճանկռել է իր դեմքը: Ինքը ստիպված է եղել կծել նրա ձեռքը, որ ազատվի: Հետո եկել են ոստիկանները, իրենց տարել ոստիկանություն: Ինքը Ժաննային չի հարվածել, հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններ չի արել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ժաննայի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս: Ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգմամբ՝ այդ վնասը նրան պատճառել է հենց Աբոլֆազլ Դոլաթխահին հիշյալ միջադեպի ժամանակ:
Դոլաթխահին առաջին անգամ չէր Հայաստանում, նա հենց այստեղ է բարձրագույն կրթություն ստացել. 2008 թվականին ճարտարագիտական համալսարանում նրան բակալավրի, իսկ 2010 թվականին մագիստրոսի աստիճան է շնորհվել: Նա նաև ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվում, միջազգային հուշամրցաշարում դիպլոմի է արժանացել: Դատարանը այս հանգամանքները բնութագրող է համարել ամբաստանյալի համար:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Աբոլֆազլ Դոլաթխահիի մեղքը և նրան դատապարտել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:







































