Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։









































