Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվել է Արամայիս Հարությունյանի գործի դատավարությունը:
58-ամյա Արամայիս Հարությունյանն իրեն պատկանող «ԲՄՎ-525» մակնիշի մեքենան ծառայեցրել է որպես տաքսի: Հաճախորդներ գտնելու նպատակով նա մեքենան հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և սպասարկել է նաև համալիր այցելող մարմնավաճառներին:
Ըստ մեղադրանքի՝ տաքսու վարորդն ու մարմնավաճառները հեռախոսահամարներ են փոխանակել ու հիմք դրել «փոխշահավետ» ծանոթությանն ու «համագործակցությանը»:
2011-ից մինչև 2013 թվականի փետրվարը, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով, Արամայիսը կազմակերպել է մարմնավաճառներ Վիկտորյայի, Անժելայի, Էլինայի, Էլմիրայի և այլոց հանդիպումներն իր ծանոթ տղամարդկանց հետ՝ յուրաքանչյուր դեպքում հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառից ստանալով 3 հազար դրամ միջնորդավճար:
Արամայիս Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:








































