Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են ԵՄ երկրների արտահերթ հանդիպումը, որում պետք է քննարկվեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հաղորդում է Financial Times-ը։
Թերթի տվյալներով՝ դիվանագետները ցանկանում էին հանդիպում կազմակերպել, որպեսզի ազդանշան ուղարկեին այն մասին, թե ինչ է ակնկալում Եվրամիությունը Թրամփից։ Սակայն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները խափանել են նիստը։ Թերթի կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ միության երկրները միասնական կարծիք չունեն այս հարցի վերաբերյալ։
Օրինակ, Գերմանիան ցանկանում էր ցույց տալ, որ Եվրամիությունը կարողանում է արագ արձագանքել արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցերին։ Նշվում է, որ Եվրամիությունը պատրաստվում է հանդիպում անցկացնել այն ֆոնին, երբ Թրամփն իր առաջին պաշտոնական հայտարարություններն է անում։
Թերթը հիշեցնում է նաև, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակեցնել դիրքորոշումներն այնպիսի առանքային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ Մերձավոր Արևելքը, Ուկրաինան։










































