ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները՝ բավականին անսպասելի ելքով, սոցհարցումների համաձայն՝ այլ ելք էր կանխատեսվում: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց. «Ժողովուրդը երբեք չի սխալվում, պետք է վստահել ժողովրդի ընտրությանը, ԱՄՆ ժողովուրդը դուրս եկավ վարչակազմի դեմ և հաղթանակ տարավ»:
Հարցին՝ այս նախագահի օրոք ԱՄՆ վարած քաղաքականությունը էական փոփոխությունների կենթարկվի՞ հետխորհրդային երկրներում և մասնավորապես մեր տարածաշրջանում, Ա. Ղազինյանը պատասխանեց. «Թրամփը, չլինելով դասական գործիչ և հայտնի չլինելով իր քաղաքական գործունեությամբ, որոշակի անկանխատեսելիություն առաջացրեց արևմտյան գործընկերների և համաշխարհային քաղաքական էլիտայի մոտ: Այն, որ իր ամբողջ քաղաքական ընտրարշավը կառուցել էր հակասական մտքերի վրա, մեղմ ասած, վիճարկելի թեզերով, ըստ էության բավական լուրջ արժեհամակարգային անջրպետ էր առաջացրել Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների դոմինանտ քաղաքական էլիտայի միջև:
Բայց, ինչպես և սպասվում էր, նախընտրական քարոզչություն իրականացնող Թրամփը և արդեն նախագահ ընտրված Թրամփը տրամագծորեն տարբեր մարդիկ են: Դա պարզ դարձավ հենց իր առաջին շնորհակալական ելույթի ժամանակ, Թրամփը մինչ այդ սպառնում էր Քլինթոնին բանտ նստեցնել, իսկ ընտրվելուց հետո նրան համարեց մեծ քաղաքական գործիչ և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ արտաքին քաղաքականությանը ծառայելու համար: Սա է իրականությունը, և ԱՄՆ քաղաքական համակարգը ճիշտ պատկերացնելու դեպքում կարելի է հասկանալ, որ մեծ փոփոխություններ ակնկալել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ պետք չէ:
Քարոզարշավը այլ բան է, «ռեալ պոլիտիկ»-ը բոլորովին այլ բան, հետևաբար ընտրված Թրամփը կգործի արդեն ոչ թե որպես նախագահի թեկնածու, այլ որպես աշխարհի միակ գերտերության առաջնորդ: Իսկ դա ունի իր հրամայականները, որից Թրամփը հրաժարվել չի կարող»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































