Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն ակտիվ աշխատանք է իրականացնում՝ միջազգային հանրությանն իրազեկելու համար հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին։
Դրա հետ կապված՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել տարբեր երկրների ավելի քան 120 գործընկերների հետ՝ տետ-ա-տետ և հեռախոսազրույցի ժամանակ։
Օտար ԶԼՄ-ներում հրապարակվել են այդ թեմայով Չավուշօղլուի բազմաթիվ հարցազրույցներն ու հոդվածները։ Ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիայի իշխանությունները աջակցության ուղերձներ են ստացել աշխարհի 111 երկրից ու 6 միջազգային կազմակերպությունից։
Արտերկրում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները 64 հանդիպում են անցկացրել պետությունների ղեկավարների, 88 հանդիպում՝ կառավարությունների ղեկավարների, 597 հանդիպում՝ նախարարների, 6186 հանդիպում՝ օտար երկրների պաշտոնատար այլ անձանց հետ։









































