Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը պատրաստ է դառնալ կիպրական խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների անցկացման վայր։
Այդ մասին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) ղեկավար Մուսթաֆա Աքընջըի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կիպրոսի Հանրապետությունում (ԿՀ) Իրանի դեսպան Ռեզա Զաբիբը։
Վերջին ամիսներին ԿՀ նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Մուսթաֆա Աքընջըն ակտիվացրել են բանակցությունները և հանդիպում են ամեն շաբաթ։
Կողմերի միջև հերթական բանակցությունները սկսվել են երկուշաբթի՝ շվեյցարական Վեվե քաղաքից ոչ հեռու։ Ակնկալվում է, որ դրանք կտևեն մինչև նոյեմբերի 11-ը։ Բանագնացներն առաջին անգամ շոշափելու են տարածքային հարցեր։
Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Շվեյցարիայում անցկացվող բանակցությունները կտան դրական արդյունքներ։ Նա հաստատել է միասնական Կիպրոսում Իրանի շահագրգռվածությունը։








































