Ինչպես տեղեկացրել էինք, Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի 2012 թ. հունվարի 26-ի որոշմամբ զրկվել է «Հայ Առաքելական եկեղեցի» տիտղոսից, դատական հայց է ներկայացրել 2010 թ. սեպտեմբերի 19-ին Նիսի ծխի հովիվ նշանակված Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ՝ հովվատնից վտարելու հայցով:
Հունիսի 10-ին տեղի ունեցած առաջին դատավարությունից առաջ Հայր Գրիգորի փաստաբանը Նիսի նախկին կրոնական ընկերակցությունից որոշ փաստաթղթեր է ուզել, որոնք երբևիցե որևէ մեկին չէին տրամադրվել: Դատարանը պահանջել էր, որ այդ փաստաթղթերը ներկայացվեն: Այսօր դատական նոր նիստն է եղել, որտեղ Հայր Գրիգորի փաստաբանի պահանջած փաստաթղթերը ներկայացվել են:
Հոկտեմբերի 7-ին դատարանը հրապարակելու է վճիռը: «Սկզբում խոսեց իրենց փաստաբանը, այնուհետև՝ մեր փաստաբանը, հետո երկու կողմերի թղթածրարները համապատասխան փաստաթղթերով հանձնվեցին դատավորին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայր Գրիգորը:
Նա նշեց, որ կրոնական ընկերակցությունը 2006-ին ուներ 614 անդամ, իսկ 2012-ի փետրվարի 6-ին կայացած ընդհանուր անդամական ժողովի ժամանակ, որ կազմակերպել էր պետության` այսինքն դատարանի կողմից նշանակված դատական կատարածուն, ցուցակներով ուներ 256 անդամ: Այսօր դատարանի հարկադրմամբ իրենց տրամադրված թղթերի համաձայն՝ 2012-ի ցուցակներով ունեն 195 անդամ, բայց խնդիրն այն է, որ 195-ից 74-ը նոր անդամներ են՝ ոմանք համայնքին անհայտ մարդիկ, իսկ դա նշանակում է, որ միևնույն տարվա ընթացքում 256 հոգուց իրենք հեռացրել են 131 անդամ՝ առանց նրանց տեղյակ պահելու, որի իրավունքը չունեին կանոնադրությամբ: Հայր Գրիգորի խոսքերով՝ այս տարիների ընթացքում իրենք մերժել են բոլոր նրանց, ովքեր իրենց դուրը չեն եկել, և այդ մարդկանց թիվը հասնում է մի քանի հարյուրի, հեռացված անդամներից ոմանք արդեն դիմել են դատարան, վճիռներ դեռ չկան, գործերն ընթացքի մեջ են:
«Ինձնից պահանջում են անցած ժամանակների իմ մնալու վարձավճարը, ինչպես նաև վճարել էլեկտրաէներգիայի գումարը, վճարել իրենց դատական ծախսի գումարը»,- ասաց Հայր Գրիգորը:







































