ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է «Ծառայապետ» ֆիլմում դերակատարումից: Այս մասին հաղորդել է ամերիկացի լրագրող Մեթ Դրաջը, սակայն իր աղբյուրը չի բացահայտել:
Ֆիլմը Սպիտակ տան աֆրոամերիկացի ծառայապետ Սեսիլ Գեյնսի մասին է, որին մարմնավորում է Ֆորեսթ Ուիթաքերը: Նրա կնոջ՝ Գլորիայի դերակատարը Օփրա Ուինֆրին է: Ըստ սյուժեի՝ ծառայապետը Սպիտակ տանը աշխատել է 1952-1986թթ. և դարձել է մի շարք քաղաքական ու հասարակական իրադարձությունների ականատեսը: Թե ինչպես էր նախատեսվում Օբամայի հայտնվելը ֆիլմում, ով առաջին անգամ նախագահ է դարձել 2008թ.-ին, չի մանրամասնվում:
«Ծառայապետ» ֆիլմի հիմքում Յուջին Ալենի՝ Սպիտակ տան սևամորթ աշխատակցի կենսագրությունն է, ով նախագահի նստավայրում աշխատել է 34 տարի: Նա մահացել է 2011թ.-ին:
Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Լի Դենիելսը: ԱՄՆ-ում այն վարձույթ դուրս կգա 2013թ.-ի օգոստոսի 16-ին:






































