Թուրքիայում ձերբակալվել են խոշորագույն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 11 պատգամավորներ, այդ թվում կուսակցության երկու համանախագահները։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է կուսակցության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ անցած գիշեր ոստիկանությունը ձերբակալել է կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուկսեդագին, որի տան վրա գրոհի ժամանակ կոտրել են դուռը։ Կես ժամ անց ձերբակալվել է Սելահեթթին Դեմիրթաշը։
Դեմիրթաշը գրել էր իր Twitter-ում. «Իմ տան դռան հետևում կանգնած է ոստիկանությունը, հավանաբար պատրաստվում է ինձ ձերբակալել»։
Ձերբակալության որոշումն ընդունվել էր Դիարբեքիրի դատախազության կողմից՝ ահաբեկչական գործունեության հետաքննման շրջանակում։
Դեմիրթաշն ու Յուկսեդագն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն տա ցուցմունքներ և չեն համագործակցի ոստիկանության հետ։
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում է նաև խորհրդարանի փոխխոսնակ Պերվին Բուլդանը։
Կուսակցության ներկայացուցչի տվյալներով՝ ձերբակալությունները միաժամաակ անցկացվել են երկրի տարբեր քաղաքներում՝ Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում։









































