Crazy Horse-ը փարիզյան հայտնի կաբարե է, որը հիմնվել է 1951թ: Կաբարեի առանձնահատկությունը պարուհիների խիստ ընտրությունն էր, ովքեր հետագայում արդեն ճանաչվում էին իրենց արտաքին տվյալներով:
Կաբարեի հիմնադիրը Ալեն Բերնարդենն է: Նա սկզբից էլ հրաժարվել է ներկայացման նեղ ուղղվածությունից և սկսել ներկայացումներին ծաղրածուներ, ձեռնածուներ, իլյուզիոնիստներ ներգրավել, կիրառել լազերային էֆեկտներ, ինչպես նաև ակրոբատիկ համարներ, որոնք կատարելիս պարուհիները ապահովության համար գոտիներ են օգտագործել: Վառ հիշվող ներկայացումները Crazy Horse-ն արագ առանձնացրին նմանատիպ ծրագրերից:
Կաբարեն Ֆրանսիայի ազգային արժեքներից է: Crazy Horse շոուն նվիրված է մարդկության գեղեցիկ կեսին և կնոջը փառաբանում է անսովոր միջոցներով և յուրահատուկ ոճով:
Le Crazy Horse Paris-ը գրեթե մերկ պարուհիների ճկունության, շքեղության, փարիզյան նորաձևության և ժամանակակից դիզայնի միահյուսումն է: Շոուն իրենից կարճ խորեոգրաֆիկ էտյուդներ է ներկայացնում, որոնցից յուրաքանչյուրը մի յուրահատուկ պատմություն է:
Le Crazy Horse Paris-ում պարուհիների համար «հագուստ» է ծառայում լույսը: Լույսի խաղից առաջացած գույներն ու կերպարները այնպես են կառուցված, որ դժվար է հասկանալ՝ որտեղ է վերջանում մաշկը և որտեղ են սկսվում լուսային էֆեկտները: Արդյունքում՝ յուրահատուկ ներկայացում, որը ցնցում է տեսողական էֆեկտներով: Այս կաբարեի ազդեցության տակ Սալվադոր Դալին հնարել է շուրթերի տեսքով բազմոցը, որն էլ կաբարեի խորհրդանիշն է դարձել:
Լեգենդար կաբարեն աշխարհի ամենաշատ այցելվող կաբարեն է, ինչպես նաև Փարիզի խորհրդանիշը: Վերջին 60 տարիներին Crazy Horse-ը ավելի քան 8 միլիոն հանդիսատես է ունեցել, որոնց թվում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Էլիզաբեթ Թեյլորը, Ջոն Քենեդին, Լայզա Մինելին, Մադոննան, Քրիստինա Ագիլերան, Պեդրո Ալմոդովարը, Քվենտին Տարանտինոն, Սթինգը, Մերիլին Մենսոնը և շատ ու շատ աստղեր: Կաբարեի արտիստների մեջ Ալեն Բերնարդենը արտաքին տվյալներից ավելի գնահատում էր էներգետիկան և գրավելու ունակությունը: Ալենի ինքնասպանությունից հետո 1992թ. նրա գործը ստանձնեցին Բերնարդենի երեք որդիները: Նրանք սկսեցին աստղերին հրավիրել որոշ համարներին մասնակցելու:
Crazy Horse-ում ելույթ են ունեցել Դիտա Ֆոն Տիզը, Կարմեն Էլեկտրան,Պամելա Անդերսոնը և ուրիշներ: Կաբարեն հրավիրում է նաև հայտնի պարուսույցների և համագործակցում է աշխարհի մեծագույն կուտուրյեների հետ: Գոյության ամբողջ ժամանակահատվածում կաբարեում 800 պարուհի է ելույթ ունեցել:
Բոլոր պարուհիները դասական պարի կրթություն ունեն: Նրանց ուսուցումը կաբարեում մեկ ամիս է տևում: Նրանք բոլորն էլ բեմական անուններ ունեն: Պարուհիների տարիքը տատանվում 21-33 տարեկանը: Աղջիկների մարմինները պետք է խստորեն համապատասխանեն Ալեն Բերնարդենի սահմանած չափանիշներին. հասակը՝ 1.68-1.72 մ, ոտքերի երկարությունը կրծքի ծավալի հետ համամասնորեն 1/3 – 2/3 է կազմում, կրծքերի միջև տարածքը՝ 27սմ:
Նշենք, որ պարուհիների հանդերձասրահ տղամարդկանց մուտքը խստիվ արգելվում է:







































