Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Զարզանդ Նիկողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքից, որտեղ Զարզանդ Նիկողոսյանի անվան փոխարեն նշված է՝ «թափուր»:
Հիշեցնենք, որ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է: Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Նիկողոսյանից հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ինքը ևս պատրաստվում է հեռանալ մարզպետարանից:
Նիկողոսյանը պատասխանել էր. «Առաջ Աստված, տեսնենք: Որտեղ էլ աշխատենք մեր ժողովրդի համար ենք աշխատելու: Անկախ ամեն ինչից, Սուրիկ Խաչատրյանի կողքն ենք միշտ կանգնած»: Այսօր մարզպետի օգնականից հետաքրքրվեցինք, թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը:
– Պարոն Նիկողոսյան, դո՞ւք եք որոշել դուրս գալ աշխատանքից, թե՞ նոր մարզպետն է ձեզ ազատել:
– Չէ, իհարկե, ես եմ դիմում գրել, մարզպետն ինչո՞ւ պետք է որոշի:
– Միգուցե համատեղ աշխատանքը չի՞ ստացվել կամ նոր մարզպետ Վահե Հակոբյանը չի ցանկացել աշխատել ձեզ հետ:
– Ես, ընդհանրապես, էդ թեմայով չեմ էլ մտածել՝ իր հետ աշխատեմ, չաշխատեմ, Խաչատրյանը, որ դուրս եկավ, ես էլ դուրս եկա:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ:
– Տեղափոխվել եմ Երևան:
– Նոր աշխատանքի՞ եք անցել:
– Առայժմ, ոչ:
– Ապրելո՞ւ նպատակով եք տեղափոխվել:
– Չէ, դե տեսնենք՝ ոնց կլինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Armtimes.com: