ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է իր անձնական փոստը ծառայողական նամակագրության համար օգտագործելու հետ կապված գործով հետաքննությունը վերսկսելու ՀԴԲ-ի որոշմամբ: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Դեյթոնա-Բիչ քաղաքում իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ:
Նախագահական ընտրություններից 10 օր առաջ իր դեմ նոր ապացույցների մասին տեղեկություն հրապարակելու որոշումը Քլինթոնն անվանել է տարօրինակ:
«Դա ոչ թե պարզապես տարօրինակ է, դա աննախադեպ է և խորը մտահոգություն է առաջացնում, քանի որ ընտրողներին պետք է հասանելի լինեն բոլոր փաստերը»,- ասել է Քլինթոնը՝ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին կոչ անելով «պատմել ամեն ինչ»:
Ուրբաթ հայտնի դարձավ, որ ՀԴԲ-ն վերադարձել է ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ Քլինթոնի կողմից անձնական փոստը ծառայողական նամակագրության համար օգտագործելու շուրջ աղմկոտ սկանդալին: Նախորդ այդպիսի հետաքննությունն ամռանն էր ավարտվել: Հուլիսին ՀԴԲ-ն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էին, որ Քլինթոնը պատասխանատվության չի ենթարկվի մասնավոր սերվերն աշխատանքային նամակագրության նպատակով օգտագործելու համար:











































