Այսօր կլրանար Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ջրածնային ռումբի հեղինակ, իրավապաշտպանների պաշտամունքի առարկա և խորհրդային այլախոհության խորհրդանիշ, ֆիզիկոս Անդրեյ Սախարովի 90-ամյակը:
Սախարովը ծնվել է 1921թ. մայիսի 21-ին Մոսկվայում: Նախնական կրթությունը ստացել է տանը, իսկ դպրոց է գնացել միայն 7-րդ դասարանից: 1938թ. մեծն ֆիզիկոսն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: 1948թ.-ից նա ընդգրկվել է այն խմբի մեջ, որն զբաղվել է ջրածնային ռումբի ստեղծմամբ, որի հեղինակն էլ դարձել է հենց ինքը` Սախարովը: Արդեն 1953թ. 32-ամյա գիտնականը դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ: Նա 1950-ականների վերջից հանդես էր գալիս միջուկային զենքի արգելման օգտին և մեծ ներդրում է ունեցել ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ միջև ստորագրված միջուկային փորձարկումների երեք ոլորտներում արգելման պայմանագրի ստեղծման գործում: Դրան ներկայումս միացել են 131 երկրներ:
1960-ականների վերջից նա դարձել է խորհրդային այլախոհության առաջնորդներից մեկը: Սախարովը մեկն էր այն երեք մարդկանցից, որոնք ստեղծեցին Մարդու իրավունքների Մոսկվայի կոմիտեն: Նա նաև առաջ է քաշել քաղբանտարկյալների անցկացման օրը նշելու գաղափարը: 1975թ. նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ` ԽՍՀՄ-ում խորհրդային նոմենկլատուրան այլևս չհանդուրժելու համար:
Նա մի շարք հակակառավարական հրապարակումների հեղինակ էր, 1979-1980թթ. քննադատել է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան, կոչ է արել արգելել մահապատիժը, որի համար աքսորվել է Գորկի քաղաք: Գորբաչովի «պերեստրոյկայի» տարիներին` 1988թ. Սախարովը վերադարձավ Մոսկվա, 1989թ. ընտրվեց ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ: Նա մահացել է 1989թ. դեկտեմբերի 14-ին, սրտի կաթվածից:










































