Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակել հոկտեմբերի 9-ը՝ գրում է ria.ru-ն:
Այս մասին որոշումն ընդունվել է ուրբաթ՝ ԿԸՀ նիստի ժամանակ:
ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, այսինքն՝ հոկտեմբերի 16-ին:
Համաձայն Ընտրական օրենսգրքում Ադրբեջանի Միլի մեջլիսի մտցրած փոփոխությունների՝ եթե ընտրությունները համընկնում են տոնական կամ ոչ աշխատանքային օրերի հետ, քվեարկության օրը տեղափոխվում է նույն ամսվա այլ աշխատանքային օր:
Կայանալիք նախագահական ընտրություններին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից կմասնակցի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Նա կառաջադրվի երրորդ ժամկետում: Ընդդիմադիր դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածուն կլինի հայտնի գրող, կինոսցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը: Առաջադրվելու մասին հայտարարել են նաև քաղաքագետ Արաստուն Օրուջլուն և Քաղաքացիական զարգացում կուսակցության նախագահ Ալի Ալիևը:







































