Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, գնահատելով Գյումրիում և Վանաձորում անցկացված քաղաքապետի ընտրությունները, նշեց՝ այդ ընտրությունները տեղի են ունեցել այն նույն Հայաստանում, որը գոյություն ուներ այդ ընտրություններից առաջ:
«Երկու համայնքներում էլ, խայտառակ ընտրախախտումներով հանդերձ, բնակիչների կեսից ավելին ձայն չի տվել Հանրապետական կուսակցությանը: Բայց ավագանու քվեարկության արդյունքներով Վանաձորում քաղաքապետ է դառնում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, իսկ Գյումրիում Ընտրական օրենսգրքի աճպարարության հետևանքով ֆորմալ հաղթող է ճանաչվում Բալասանյանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ընտրողների կողմից ձայներ ստացած ավագանիները չեն արտահայտում ընտրության իրական պատկերը. «Ինչ մեխանիզմներով կայացան ընտրությունները (ճնշումներ, կաշառքներ և այլն), այդ ամենն արտացոլվեց նաև ավագանու ընտրություններում»:
Ինչպես նշեց իրավապաշտպանը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները իրենց երկարատև քաղաքական կենսագրության ընթացքում երբեք համայնքային մակարդակներում քաղաքականություն չեն իրականացրել, հակառակը՝ նրանք սերտ կապեր են ունեցել իշխանությունների հետ:
«Ե՛վ «Լուսավոր Հայաստան», և՛ «Բարգավաճ Հայաստան», և՛ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից Արկադի Փելեշյանի կողմից իրականացված բռնության չդատապարտումը էական նշանակություն ունեցավ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց պարոն Սաքունցը՝ հավելելով, որ այդ խնդիրը առավելապես վերաբերում ՀՎԿ-ին, թե ինչպիսին է կուսակցության ձեռագիրը, վարքագիծը, մոտեցումը իր կազմի ձևավորման վերաբերյալ:
Այնուամենայնիվ, իրավապաշտպանը համարում է, որ իրավիճակը փոխելու ձգտում կա, և ընտրազանգվածի այդ պոտենցիալ ցանկությունը նյութականացնելու խնդիրը դրված է ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ իրական ընդդիմության վրա:
«Երբ միջկուսակցական հարցերը գերազանցում են ընտրողների ակնկալիքներին, ապա սա անպատասխանատվություն է հենց այն ընտրողների նկատմամբ, որոնց անունից փորձում են հանդես գալ կուսակցությունները: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունները կայացած չեն»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ցավ հայտնելով, որ իրենց ռեսուրսների պակասի պատճառով չկարողացան կանխել բոլոր խախտումները:
Իրավապաշտպանը չի կիսում այն կարծիքը, որ այս ընտրությունները վարչապետ Կարեն Կարապետյանի ձախողման արտահայտությունն են. «Այս ընտրությունները Հանրապետականի փորձությունն էին, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամենաապակուսակցական կառավարությունն է: Այս ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի գլուխը պետք է ցավի, որովհետև սա քաղաքականություն չէ, որ իրենք են վարում»:
Սաքունցի կանխատեսմամբ՝ ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետականը մեծամասնություն չի կարող կազմել, և կունենանք երկրորդ փուլ:









































