Հայաստանում աղջիկ երեխաները ցանկալի չեն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փաստեց Հայ-ամերիկյան առողջության մամոգրաֆիկ կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը՝ պարզաբանելով, որ հղիության արհեստական ընդհատումը պայմանավորված է նաև երեխաների սեռով: «Ամեն օր նման դեպքի հետ առնչվում ենք: Պտղին պահում հասցնում են 20 շաբաթականի և ընդհատում հղիությունը աղջիկ կամ տղա լինելու պատճառով: Օրինակ՝ ունեն 2 աղջիկ, երրորդին այլևս չեն ցանկանում:
Հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում համարվում է ազգային ռազմավարական խնդիր, հետևաբար մասնագետից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներ են իրականցվում անցանկալի հղիությունից զերծ մնալու համար: Նելլի Ավագյանի խոսքերով, այս ուղղությամբ կան ավանդական ենթադրյալ մեթոդներ, իր մեթոդներն է առաջարկում նաև ներկայիս բժշկությունը:
«Ավանդական մեթոդներից է ընդհատված սեռական հարաբերությունը, կրծքով կերակրելը: Ճիշտ է, այս մեթոդը 100 տոկոսանոց չէ, բայց կրծքով կերակրող կնոջ օրգանիզմում որոշ հորմոնալ տեղաշարժեր են լինում, ինչը թույլ է տալիս պաշտպանվել անցանկալի հղիությունից: Կիրառվում են հորմոնալ հաբեր, նաև պահպանակներ, որոնք, ի տարբերություն մյուս պաշտպանիչ մեթոդների, պաշտպանում են նաև սեռավարակներից»,- մանրամասնեց Նելլի Ավագյանը:









































