Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի առաջին աշխատանքային նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ մինչև 2023 թվականն էներգետիկ ոլորտում Թուրքիայի պահանջարկը կկրկնապատկվի՝ համեմատած ներկայիս ցուցանիշի հետ:
«Արտաքին մատակարարներից Թուրքիայի կախվածությունը կազմում է 72 տոկոս: Թուրքիան ունի էներգիայի պահանջարկի ամենամեծ աճը: Մինչև 2023 թվականը այն կկրկնապատկվի՝ համեմատած այսօրվա հետ:
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի բավարարենք այդ պահանջարկը: Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում վերականգնվող էներգիայի զարգացմանը, դա մեր առաջնահերթությունն է:
Կարծում եմ, որ ածխաջրածինների պահանջարկը կպահպանվի մինչև 2040-ական թվականները: Անհրաժեշտ է մշակել էներգիայի այլընտրանքային տեսակներ Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Կովկասում»,- ասել է Յըլդըրըմը:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայում ատոմակայանների կառուցման խնդրին՝ հիշեցնելով, որ Թուրքիայում աշխատանքներ են տարվում երկու ատոմակայանների կառուցման ուղղությամբ, որոնք ծրագրված է գործարկել մինչև 2023 թվականը. «Օրակարգում է նաև երրորդ ատոմակայանի հարցը»:











































