Yahoo համացանցային ընկերությունը գաղտնի սքանավորել է իր օգտատերերի էլեկտրոնային փոստի միլիոնավոր օգտահաշիվներ՝ ԱՄՆ հատուկծառայությունների հարցմամբ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հաստատում է գործակալությունը՝ Yahoo-ն ստեղծել է ծրագիր իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծման համար՝ գաղտնի հրահանգ ստանալուց հետո։
Ծրագիրը ստուգել է բոլոր ստացվող հաղորդագրություններում նիշերի որոշակի համադրության առկայությունը։ Նշվում է, որ գործակալության աղբյուրներից երկուսը ընկերության նախկին աշխատակիցներ են։ Reuters-ին չի հաջողվել պարզել՝ ստացե՞լ են այլ համացանցային ընկերությունները համանման հարցումներ։
«Yahoo-ն օրինապաշտ ընկերություն է և պահպանում է ԱՄՆ օրենքները»,- ասվում է համացանցային հսկայի հայտարարությունում։









































