Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի կողմից վերադարձը մինչև 1967 թ. սահմաններին, երբ արաբա-իսրայելական հերթական պատերազմի ժամանակ հաջողվել էր օկուպացնել Պաղեստինի զգալի տարածքներ, աղետալի կլինի Իսրայելի համար:
Այսպիսով Նեթանյահուն պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ երեկ հնչեցրած այն հայտարարությանը, համաձայն որի՝ խաղաղության հասնել հնարավոր է միայն երկու պետության ստեղծման դեպքում՝ մինչև 1967 թ. հաստատված սահմաններով:
Նեթանյահուն ասել է, որ մինչև 1967 թ. վեցօրյա պատերազմը գոյություն ունեցող սահմաններով անհնար է ապահովել Իսրայելի անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Associate Press գործակալությունը:
Զիջման դեպքում Իսրայելի սահմաններից կարող են դուրս մնալ Արևմտյան ափին կառուցված մի շարք հրեական բնակավայրեր: Օբամայի առաջարկած տարբերակին Իսրայելը միշտ դեմ է արտահայտվել:
Այս համատեքստում կարևոր են Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ այցելության արդյունքները, որը կայանալու է այսօր:










































