BBC-ի փոխանցմամբ՝ արաբական երկրները աֆրիկյան երկրների հետ համատեղ ջանքեր են գործադրում վագրակատուների անօրինական առևտրի դեմ պայքարի համար:
Այդ պայքարը Վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի (Cites) մասին կոնվենցիայի մասնակիցների կողմից համաժողովի ժամանակ մշակված գլխավոր ծրագրի բաղադրիչներից մեկն է: Այն իրենից ներկայացնում է պայքար սոցիալական ցանցերում սեփական վագրակատուներով պարծենալու և դրա գովազդի դեմ: Փորձագետները հավանության են արժանացրել այդ ծրագիրը՝ այն անվանելով մեծ քայլ այդ հազվադեպ կենդանիների պաշտպանության գործում:
Վերջին տարիներին այդ կենդանիները շատ են տուժել իրենց աճող ժողովրդականությունից: Մի կողմից՝ կրճատվել է նրանց բնական միջավայրը, մյուս կողմից՝ շատ նորաձև է դարձել տներում վագրակատու պահելը՝ հատկապես Մերձավոր Արևելքում:
Դրանում սոցիալական ցանցերը քիչ դեր չեն խաղում, քանի որ թույլ են տալիս նոր տերերին ցուցադրել իրենց թանկարժեք ձեռքբերումը, ինչպես նաև նպաստում են վաճառողների և գնորդների շփմանը:









































