Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Վարշավայում ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջման փորձից հետո կալանավորվել է 120 լրագրող:
Միյատովիչը հիշեցրել է, որ դատապարտում է Թուրքիայում առկա ժողովրդավարական ռեժիմը ուժային մեթոդով փոխելու փորձերը. «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունները պետք է պաշտպանված լինեն, սակայն նրանք իրենց հերթին պետք է պաշտպանեն ԶԼՄ-ների ազատությունը և աջակցեն այն դերը, որը խաղում են լրագրողները ժողովրդավարության ամրապնդման ու ապահովման գործում:
Թուրքիայում նկատվել է իշխանությունների կողմից ճնշումներ քննադատաբար տրամադրված լրագրողների ու ԶԼՄ-ների վրա: Իմ դեպարտամենտը հաշվարկել է, որ ներկայումս 120 լրագրող կա բանտում, 100 ԶԼՄ-ներ փակվել են, մոտ 140 կայքեր արգելափակվել են»:
ԵԱՀԿ ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել և իրականացնել սեփական պարտավորությունները ԵԱՀԿ-ում՝ կապված ԶԼՄ-ների ազատության ու ազատ արտահայտվելու հետ:









































