Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին Նյու Յորքում կազմակերպված՝ Թուրքիայում ներդրումներ անելու մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիները, որոնք երկրում իրականացված հեղաշրջման փորձից հետո բանկերում փոխանակել են ընդհանուր առմամբ 11.5 միլիարդ դոլար, երկիրը փրկել են ֆինանսական ճգնաժամից: «Արդեն հուլիսի 18-ին բացվեցին Թուրքիայի բոլոր բանկերը, և երկիրը շարունակեց կատարել միջազգային պարտավորությունները: Հեղաշրջման փորձի գիշերը թուրքական լիրայի հանդեպ դոլարի փոխարժեքը կազմում էր 1-ի դիմաց 2.88, և շատերը կարծում էին, որ խռովության պատճառով լիրան կարժեզրկվի 2, նույնիսկ 3 անգամ: Սակայն դոլարն աճեց մինչև 3.07 լիրայի, իսկ հետո նորից նվազեց մինչև 2.90-ի: Մեկ շաբաթվա ընթացքում քաղաքացիները փոխանակեցին 11.5 միլիարդ դոլար: Այսինքն՝ ֆինանսական ճգնաժամը կանխեցին Թուրքիայի շարքային քաղաքացիները:
Չնայած հեղաշրջման փորձին՝ երկրի տնտեսությունը ցուցաբերում է բարձր արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես «հրաշք»: Շատերի հավատը դեռ չի գալիս, որ Գյուլենի հոսանքի ֆոնին Թուրքիան կարողացել է համախմբվել ու շարունակել աճը»:










































