Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խստորեն քննադատել է ՄԱԿ-ին միջազգային ահաբեկչության դեմ պայքարին թույլ մասնակցության համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական առաջարկությունը առաջին անգամ արվել է այստեղ՝ ՄԱԿ-ում, 2000 թվականին Հնդկաստանի կողմից: Այժմ՝ 16 տարի անց, միջազգային իրավաբանները դեռ շարունակում են բանավիճել այն մասին, թե ինչ է ահաբեկչությունը: Այդ պատճառով իմ մեջ որոշ կասկածներ են առաջացել այդ կազմակերպության աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Ինձ համար ահաբեկիչը մարդ է, որը սպանում է անմեղ քաղաքացիական անձանց: Վերջ: Էլեմենտար է, Վաթսոն»,- հայտարարել է Զեմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում` խոսքը ավարտելով Շերլոկ Հոլմսի հայտնի արտահայտությամբ:
Միլոշ Զեմանը կրկին, ինչպես 1 տարի առաջ, առաջարկել է ստեղծել միջազգային ուժեր` հագեցած անօդաչուներով, ուղղաթիռներով և այլ բջջային սարքավորումներով ահաբեկիչների հրամանատարական, լոգիստական և մարզական կենտրոնների վրա հարձակվելու համար:
«Մեզ պետք չեն զանգվածային տարածքային գործողությունները, քանի որ մենք տխուր փորձ ունենք Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: Մենք կարողացել ենք այնտեղ ոչնչացնել, սակայն չենք կարողացել ոչինչ կառուցել: Պետք չէ գրավել տարածքներ: Մենք պետք է հարձակվենք ուղեղի, այլ ոչ թե մարմնի վրա (ահաբեկչական խմբավորումների)»,- ընդգծել է նա:








































