Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հետաձգել են ՄԱԿ-ի՝ կտտանքների գծով հատուկ զեկուցող Խուան Մենդեսի այցը երկիր, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 10-14-ին։
Այդ մասին նշված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածած հայտարարությունում։ Մենդեսը հայտարարել է, որ վերջին ամիսներին Թուրքիայում իրավիճակի զարգացումը պահանջում է լիակատար ուշադրություն և իր այցի հետաձգումը սխալ ազդանշան է։
Մենդեսը հիշեցրել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կալանավորվել են հազարավոր մարդիկ, ուղղիչ հիմնարկները լեփ լեցուն են, դրանցում պայմանները վատն են, և այդ պատճառով էլ իր այցն ունի բացառիկ կարևորություն։
Մենդեսի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին և նա հույս է հայտնել, որ մինչ այդ ամեն դեպքում կկարողանա այցելել Թուրքիա։









































